2. Պավել Սարգսյան
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

005. ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՍԵՐՏՈՂՈՒԹՅՈՒՆ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ.
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ



Ընտրեք ժամանակը

Այն գրանցեք օրվա ձեր օրակարգում և ա
յն դիտարկեք որպես Աստծո հետ հանդիպման ժամանակ։ Ձեռք բերեք Աստծո խոսքն ուսումնասիրելու ամենօրյա սովորություն, խնդրեք աստվածային առաջնորդության մասին։

Ընտրեք վայրը

Աստվածաշունչն ուսումնասիրելու վայրը պետք է լինի այնպիսին, որպեսզի դուք այնտեղ մեկուսի լինեք ր ոչինչ ձեզ չշեղի։ Ամեն անգամ նույն տեղում ուսումնասիրեք Սուրբ Գիրքը։

Ընտրեք ծրագիրը

Ընտրեք, թե ինչ եք կոնկրետ ուսումնասիրելու և ինչ մեթոդով եք դա անելու։ Որոշակի ծրագրի առկայությունը ձեզ կօգնի հետաքրքրությունը չկորցնել և կենտրոնացած մնալ։ Միևնույն ժամանակ Սուրբ Հոգու համար բաց եղեք, եթե կարիք լինի ուսումնասիրության ծրագիրը փոխելու։


Ընտրեք Աստվածաշունչը

Իհարկե, դուք ունեք ձեր Աստվածաշունչը, սակայն կարող եք նաև նորը գնել, եթե ծրագրում եք առանձնացնել և ընդգծել համարները։ Աստվածաշնչերի որոշ հրատարակություններում կան նշումներ կողքի սյունակներում և համարների զուգահետ տեղեր։ Աստվածաշնչի ուսումնասիրությունը ենթադրում է նաև այլ լրացուցիչ նյութերի օգտագործումը նույնպես, չնայած պետք է հիմնականում կենտրոնացած լինել աստվածաշնչյան հենց հատվածի վրա։

Ընտրեք ուսումնասիրության միջոցները

Ձեզ գրելու նոթատետր է անհրաժեշտ նշումներ կատարելու, նոր մտքերը գրառելու և հայտնագործությունների համակարգման համար։ Երբ դուք Աստծո խոսքին արձագանքում եք գրավոր կերպով, Սուրբ Հոգին բյուրեղացնում է ձեր մտքերը և ձեզ տանում է տեքտի ավելի լավ ըմբռնմանը։ Ուսումնասիրության լրացուցիչ միջոցներն իրնեց մեջ ներառում են համաբարբառը, աստվածաշնչյան բառարանները, մեկնությունները և ուսումնական ձեռնարկները։ Շատ ռեսուրսներ հասանելի են համացանցում, սակայն դրանք օգտագործեք խելամտորեն, որպեսզի ժամանակը ծախսվի ուսումնասիրության և աղոթքի վրա, քան համացանցի։

Սկսեք այսօր

Տիեզերքի Արքան անհամբերությամբ սպասում է ձեզ հետ հանդիպմանը։



ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Աստծո խոսքն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք հետևյալ կարևոր սկզբունքների վրա.

Աստվածաշունչը մեկնում է ինքն իրեն

Մինչ այլ աղբյուրների դիմելը, ուսումնասիրեք ամբողջ Աստվածաշունչը դժվարին հատվածները հասկանալու համար։ Ուշադրություն դարձրեք Եսայիա մարգարեի հետևյալ խոսքերին. «Որ հրաման հրամանի վրա՝ հրաման հրամանի վրա, խրատ խրատի վրա՝ խրատ խրատի վրա։ Մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ» (Եսայիա 28.10)։

«Ուսումնասիրողի առաջնային խնդիրն է. թույլ տալ, որ հենց Ինքը Հեղինակը ասի այն, ինչ ցանկանում է, փոխանակ Նրան վերագրելու այն, ինչը, մեզ թվում է, որ Նա պետք է ասի» (Ջոն Կալվին)։

«Աստվածաշունչը բացատրում է ինքն իրեն։ Դրա համար մի համարը պետք է համեմատել մեկ այլ համարի հետ։ Ձեր աշակերտներին սովորեցրեք, որ նրանք տեսնեն Աստվածաշնչի ամբողջականությունը, նրա փոխկապակցվածությունը» (Է. Ուայթ, Կրթություն, 190)։


Միշտ պետք է հաշվի առնել համատեքստը։ Մեկ համարը չի կարող հիմք ծառայել որևէ դավանության կամ ուսմունքի համար

Գործ առաքելոց 10.9-16 համարներում նկարագրված է, որ Պետրոսը տեսիլքում տեսավ կտավի պես անոթ անմաքուր կենդանիներով լեցուն, և Աստված ասաց, որ նա մորթի և ուտի դրանք։ Շատերն օգտագործում են այս հատվածը, պնդելով, որ հիմա մեզ թույլատրված է ուտել անմաքուր կերակուրը։ Բայց, երբ ուսումնասիրում եք համատեքստը (Գործք 10.28, ինչպես նաև 11 գլուխը), ապա կհասկանաք, որ այս հատվածը ընդհանրապես անմաքուր կենդանիների հետ չի կապվում, այլ հեթանոսներին քարոզելու։ Բացի այդ, աստվածաշնչյան այլ հատվածներ լույս են սփռում մաքուր և անմաքուր կերակուրի հարցին։ Ուսումնասիրեք ամբողջ Աստվածաշունչը պատմական, մշակութային և աշխարհագրական համատեքստում։ Աստվածաշունչը երբեք ինքն իրեն չի հակասում։

«Մի հատվածը բանալի կհանդիսանա, որը կբացի մյուս հատվածները, և այդպիսով լույս կսփռվի Աստվածաշնչի թաքնված իմաստի վրա։ Միևնույն թեմային վերաբերող տարբեր տեքստերը համեմատելիս, դրանք տարբեր տեսանկյուններից քննարկելով, մենք կյուրացնենք Աստծո Խոսքի իսկական իմաստը» (Է. Ուայթ, Քրիստոնեական կրթություն, 85)։

Ավելի լավ է խորությամբ ուսումնասիրել մեկ կամ երկու կարճ հատված, քան առանց որոշակի նպատակի կարդալ բազում գլուխներ։

Ընդհանուր ընթերցումը Աստվածաշնչի ուսումնասիրության կարևոր մասն է կազմում, բայց շատ համարներ խորը և մանրակրկիտ ուսումնասիրություն են պահանջում մինչև նրանց իմաստը պարզ է դառնում։ Նախ, կարդացեք ամբողջ հատվածը, որ պարունակում է ձեր կողմից ընտրված համարը, առանց մանրամասների մեջ մտնելու։ Հետո ավելի մտածված կարդացեք հենց համարը։ Ուշադրություն դարձրեք բանալի բառերի վրա և նայեք դրանց նշանակությունը աստվածաշնչյան բառարանում։ Օգտվեք համաբարբառից այդ համարը այլ համարների հետ համեմատելու համար։ Դուք կարող եք նաև կարդալ տարբեր մեկնաբանություններ։ Աղոթեք ձեր կյանքում ձեր կարդացածը կիրառելու համար։

«Մեկ համարի ամենօրյա ուսումնասիրությունը հաճախ շատ օգտակար է լինում։ Կարդացեք մեկ համար և ձեր ուշադրությունը կենտրոնացրեք նրա վրա, թե ինչ է Աստված դրել այդ համարի մեջ հատկապես մեր համար և հետո ավելի մանրակրկիտ ուսումնասիրեք այդ միտքը, մինչև որ այն ձեր սեփականը դառնա։ Մեկ հատվածի ուսումնասիրությունն այնքան ժամանակ, քանի դեռ նրա իմաստը պարզ չի դարձել, ավելի արժեքավոր է, քան շատ գլուխների ուսումնասիրությունը առանց որոշակի նպատակի, որ խոր գիտելիքներ չի տալիս» (Է. Ուայթ, Կրթություն, 189)։

Մի շտապեք։ Մի կարդացեք և մի ուսումնասիրեք Աստվածաշունչը շտապելով։

Մենք Աստվածաշունչը չենք կարդում ամենօրյա ինչ-որ պարտականություն կատարելու համար։ Մենք Խոսքի ուսումնասիրությունն անցկացնում ենք այն բանի համար, որպեսզի ճանաչենք Աստծուն, Նրա սերը և վերափոխվենք Նրա նմանությամբ։

«Շատերը նույնիսկ նվիրման ժամանակ չեն ստանում օրհնություններ Աստծո հետ շփումից։ Նրանք շատ են շտապում։ Արագ քայլելով նրանք Քրիստոսի սիրո ներկայության միջից դուրս են գալիս, հնարավոր է, մի պահ ուշանալով սուրբ տարածքում, բայց ոչ` խորհուրդ ստանալու համար։ Նրանք ժամանակ չունեն երկար մնալու աստվածային Ուսուցչի հետ։ Բեռի ծանրության տակ նրանք վերադառնում են իրենց գործերին։ Այս մարդիկ չեն կարող մեծ հաջողության հասնել, քանի դեռ չեն իմացել, թե ինչում է ուժի գաղտնիքը։ Դրա համար նրանք պետք է ժամանակ գտնեն մտածելու, աղոթելու, սպասելու ֆիզիկական, մտավոր և հոգևոր ուժերի վերականգման համար... Ոչ թե մեկ րոպեական թեթև հանգիստը Նրա ներկայությամբ, այլ Քրիստոսի հետ անընդհատ հաղորդակցությունն է մեզ պետք» (Է. Ուայթ, Կրթություն, 260, 261)։

Աստվածաշունչն ուսումնասիրելիս երբեք մի արհամարհեք առողջ դատողությունը։

Երբեմն մենք հակված ենք Աստվածաշնչյան հատվածներին լղոզած բացատրություններ տալ։ Սակայն ուշադրություն դարձրեք այս նախազգուշացման վրա. «Աստվածաշնչյան խոսքերը պետք է հասկանալ այնպես, ինչպես  նրանք գրված են, իհարկե, բացառությամբ խորհրդանիշներն ու այլաբանությունները» (Է. Ուայթ, Մեծ պայքար, 599)։

«Մի գողացիր» պատվիրանը կարդալով, մենք այն հասկանում ենք բառացի. մենք չպետք է յուրացնենք այն, ինչը մեզ չի պատկանում։ Բայց ինչպե՞ս հասկանալ այսպիսի համարները. «Ավելի հեշտ է, որ մի ուղտ ասեղի ծակովն անցնի, քան թե մի հարուստ Աստծո արքայությունը մտնի» (Մատթեոս 19.24)։  Այս համարը պնդում է, որ հարուստ մարդու համար շատ և շատ դժվար է երկինք մտնելը, ոչ թե այն պատճառով, որ Աստված նրանց մերժում է, այլ` քանի որ նրանք գայթակղություն ունեն Հիսուսին ապավինելու փոխարեն իրենց հարստության վրա հույս դնելու։ Աստվածաշնչի այլ համարներ բացատրում են այս համարը։ Մենք չպետք է արհամարհենք առողջ դատողությունը, երբ կարդում ենք Աստվածաշունչը։


Ուսումնասիրեք բաց մտքով և սրտով։

Քրիստոսի օրերի մարդիկ կարծում էին, որ գիտեն բոլոր պատվիրանները, բայց Հիսուսը նրանց ցույց տվեց, որ բարկությունը եղբոր նկատմամբ հավասարազոր է սպանությանը։ Աստվածաշնչում մենք կարող ենք գտնել ավելի խորը միտք, քան այն, որ գտնվում է մակերեսին։ Խնդրեք Սուրբ Հոգուն, որպեսզի նա մեզ խրատի։


«Թող լսի իմաստունը և ավելացնի ուսումը, և բանիմացը վարժություն ստանա» (Առակաց 1.5)։

«Երբ Աստծո զավակներն աճում են շնորհի մեջ, նրանք Նրա Խոսքի ավելի հստակ ճանաչողություն ձեռք կբերեն։ Նրանք կճանաչեն նոր լույսը և գեղեցկությունը սուրբ ճշմարտությունների մեջ։ Այդպես եղել է եկեղեցական պատմության ընթացքում բոլոր դարերում, և այդպես կշարունակվի մինչև ամենավերջը» (Է. Ուայթ, Ավետարանի ծառայողներ, 297)։ 

Ուրիշներին պատմեք այն մասին, ինչը դուք իմացել եք և մի վախեցեք նրանց հարցերից։

Որևէ առարկա լավագույնս ուսումնասիրելու համար անհրաժեշտ է ուրիշներին այն դասավանդել։ Երբ մենք կիսվում ենք Աստվածաշնչի լույսով, ապա մեր ունկնդիրներն աճում են Քրիստոսին ճանաչելու մեջ։ Բացի դրանից, որ նույնպես քիչ կարևոր չի, ավելանում են նաև մեր գիտելիքներն ու հավատը։

«Այլ Տեր Աստծուն ձեր սրտի մեջ սուրբ պահեցեք։ Եվ միշտ պատրաստ եղեք հեզությամբ և երկյուղածությամբ պատասխան տալու ամենին, որ ձեր մեջ եղած հույսի համար պատճառ հարցնի» (Ա Պետրոս 3.15)։ 

«Մենք Աստծուց պետք է օրհնություններ խնդրենք, որ կարողանանք հաղորդել ուրիշներին։ Ստանալու ընդունակությունը պահպանվում է միայն տալով։ Մենք չենք կարող շարունակ ստանալ երկնային գանձը, եթե այն չփոխանցենք նրանց, ովքեր շրջապատում են մեզ» (Է. Ուայթ, Քրիստոսի առակները, 143)։



ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

Հին չինական ասացվածքն ասում է. «Մարդուն ձուկ տուր և դու նրան կկերակրես մեկ օր։ Սովորեցրու մարդուն ձուկ բռնել և դու կկերակրես նրան ամբողջ կյանքի ընթացքում»։ Եկեք քննարկենք Աստվածաշունչն ուսումնասիրելու մի քանի մեթոդներ, որոնք օգնում են Աստծո օվկիանոսում «ձկնորսությամբ» զբաղվել։ Սա ամենևին էլ լրիվ ցուցակը չէ, այլ միայն մի քանի խորհուրդներ, որոնց միջոցով կարելի է սկսել։

Կիրառական մեթոդ

Աստվածաշունչը պետք է կարդալ որպես Աստծո և Նրա ժողովրդի մասին պատում։ Փորելով մեկնաբանությունների և տեղեկատուների հատորները, մի կողմ մի թողեք հենց Գիրքը։ Բոլոր լրացուցիչ նյութերն, իհարկե, կարևոր են, բայց չարժե արհամարհել հենց պատումը։

Կիրառական մեթոդը, թերևս, Աստվածաշնչի ուսումնասիրության ամենից տարածված մեթոդն է։ Օգտագործելով այն, մենք բացում ենք Աստվածաշունչը հարցով. «Ի՞նչ է ցանկանում ինձ այսօր ասել Աստված իր Խոսքի միջոցով»։ Ոմանք հետևում են Աստվածաշնչի ընթերցման ժամանակագրական ծրագրին, մյուսները պարզապես կարդում են, մինչև որ գտնեն այն, ինչը իրենց է ուղղված։ Անկախ նրանից, թե ինչքան ժամանակ ենք մենք տրամադրում Աստվածաշնչի ուսումնասիրությանը, լինի դա հինգ րոպե, թե հինգ ժամ, մենք երբեք առանց օրհնության չենք մնա։  

Բայց եթե մենք ցանկանում ենք Աստծուն մոտ լինել, ապա չպետք է բավարարվենք ոսկի բնակտորի պատահական գտածոյով, որը գտնվում է Խոսքի մակերեսին մոտ։ Ոսկու հանքագործի պես մենք պետք է գանձեր փնտրենք, որոնք թաքնված են խորքում։ Ուշադրություն դարձրեք այս խոսքերին. «Քննեցեք թանկագին Աստվածաշունչը ծարավ սրտերով։ Հետազոտեք Աստծո խոսքը, ինչպես հանքափորն է հետազոտում երկիրը, որպեսզի ոսկու երակներ գտնի։ Երբեք մի թողեք ուսումնասիրությունը, մինչև չպարզեք ձեր հարարեբությունն առ Աստված և Նրա կամքը ձեր նկատմամբ» (Է. Ուայթ, Քրիստոսի առակները, 111)։

Մենք ինչպե՞ս կարող ենք Աստվածաշնչի ընթերցման ժամանակը վերածել ինչ-որ նշանակալի բանի մեզ համար։ Նախ Աստվածաշնչի ընթեցման ծրագիրը ընտրեք կամ կազմեք, որպեսզի ամեն օր ճշգրիտ իմանաք, թե ինչ պետք է կարդալ։ Դուք կարող եք ձեր առջև խնդիր դնել կարդալ Աստվածաշունչը ամբողջ տարվա ընթացքում, Աստվածաշնչի որոշակի գիրքը մի քանի անգամ կարդալ, կամ էլ Հին կամ Նոր կտակարանի որոշ մասեր կարդալ։ Կարելի է նաև միանալ Աստվածաշնչի ամենօրյա մեկ գլխի ընթերցմանը (www.revivalandreformation.org)։ Ընթերցման ընթացքում ձեզ մոտ կարող են հարցեր առաջանալ, որոնք ձեզ կդրդեն կիրառել ստորև ներկայացվող ուսումնասիրության մեթոդներից մեկը։

Վերջապես, ուշադրություն դարձրեք նրան, ինչ կարդում եք, նշումներ կատարեք նոթատետրում, աղոթեք կարդացածի հիման վրա և խորհեք նրա նշանակության մասին ձեզ համար։ Ժամանակ գտեք Աստծո ձայնը լսելու համար, մշտապես հիշելով այն մասին, որ Աստծո խոսքի վրա ծախսած ձեր ժամանակը «Անսահմանի մոտ ընդունելություն է» (Է. Ուայթ, Վկայություններ եկեղեցու համար, հ. 6, էջ 93)։ 








Շարունակելի...
 
Ամեն օր նոր նյութ է ավելացվում։

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանություն

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները